«1918-ի մայիսին այստեղ կենաց մահու կռիվ էր հանուն Երևանի, սուրբ Էջմիածնի, հայ տեսակի․ հիմա էլ նույնն է՝ 104 տարի հետո»․ «Դիմադրության» չորրորդ խումբը Երևան է գալիս Սարդարապատից - RadioVan.fm

Онлайн

«1918-ի մայիսին այստեղ կենաց մահու կռիվ էր հանուն Երևանի, սուրբ Էջմիածնի, հայ տեսակի․ հիմա էլ նույնն է՝ 104 տարի հետո»․ «Դիմադրության» չորրորդ խումբը Երևան է գալիս Սարդարապատից

2022-04-28 14:39 , Политика, 1049

«1918-ի մայիսին այստեղ կենաց մահու կռիվ էր հանուն Երևանի, սուրբ Էջմիածնի, հայ տեսակի․ հիմա էլ նույնն է՝ 104 տարի հետո»․ «Դիմադրության» չորրորդ խումբը Երևան է գալիս Սարդարապատից

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով, Արցախի պահպանման, ազգային անվտանգության խնդրով Ազգային ժողովի (ԱԺ) «Հայաստան» խմբակցության «Դիմադրության» շարժման չորրորդ խումբը դեպի Երևան քայլարշավը սկսել է Արմավիրի մարզում գտնվող Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիրի տարածքից։

Քայլերթի մեկնարկին ելույթով հանդես է եկել «Հայաստան» խմբակցության պատգամավոր, դաշնակցական Գեղամ Մանուկյանը՝ նշելով, որ այդ սրբավայրից դիմում է հայրենկիցներին՝ ոտքի, հանուն Հայրենիքի, հանուն փրկության, հանուն արժանապատվության։

«Այս զանգերը, որ կախված են Սարդարապատում, խորհուրդ ունեն։ Դրանք, ինչպես 1918-ին Արարատյան դաշտավայրի բոլոր եկեղեցիներինը, վտանգի պահին կոչնակ են դառնում, ահազանգ են հնչեցնում, զորաշարժի ու ոտքի ելնելու կոչ են անում։ Այդ պահն է այսօր, այդպես է հիմա։ Սարդարապատի այս սուրբ բարձունքից, մեր բոլորի անունից դիմում ենք ձեզ՝ երևանցուն ու գյումրեցուն, վանաձորցուն ու ջերմուկցուն, գավառցուն ու մարտունեցուն, մարտակերտցուն ու ստեփանակերտցուն, աշխարհի տարբեր անկյուններում ապրող մեր հայրենակիցներին, ազգակիցներին»,-ասել է պատգամավորը՝ նշելով, որ իրենց զինակիցները, հայրենակիցներն արդեն սկսել են քայլերթը Ապարանից՝ հերոսական Բաշ Ապարանից։

«Մի վայրից, որտեղ 1918-ի մայիսին հայությունն ապացուցեց, որ վտանգի պահին միասնականությամբ, համախմբավածությամբ կարելի է սարեր շուռ տալ։ Քայլում են նրանք համառությամբ, հաստատակամությամբ այն բնակավայրերով, որտեղի բնակիչները միշտ աչքի են ընկել իրենց հաստատակամությամբ, հայրենասիրությամբ ու նվիրվածությամբ։

Ու բոլորս մեկտեղվելու ենք նույն կետում, նույն գաղափարների ու հաղթանակի համար։ Իբրև վերջին մեկնարկ սկսում ենք այստեղից, ամեն հայի համար այս սուրբ ու հպարտության վայրից՝ Սարդարապատից։

1918-ի մայիսին այստեղ կենաց մահու կռիվ էր հանուն Երևանի, սուրբ Էջմիածնի, Հայաստանի, հայ տեսակի։ Հիմա էլ նույնն է՝ 104 տարի հետո։

1918-ին այստեղ ամենախիզախները արցախցիներն էին՝ Բեկ-Փիրումյանները, Ղարաբաղի 5-րդ (մահապարտների) գունդը։ Այսօր էլ մեր հերթն է՝ Սարդարապատից՝ հանուն Արցախի։

Հայրենիքը մեկն է»,-ասել է Գեղամ Մանուկյանը՝ տեղեկացնելով, որ դեպի Երևան իրենց խումբն անցնելու է հայության հոգևոր կենտրոնով՝ Սուրբ Էջմիածնով։

«Այն Էջմիածնով, որի դեմ պայքարել են օսմանցին ու սելջուկը, բոլշևիկն ու մեկ էլ, որքան էլ ահավոր լինի, անհավատալի լինի՝ այս իշխանությունը։ Հիշեք, թե ինչպես էին գրավել Մայր Աթոռը»,-ընդգծել է ընդդիմադիր պատգամավորը՝ շեշտելով՝ սկսում են իրենց երթը «դեպի արժանապատվություն, հանուն Արցախի, հանուն Հայրենիքի, հանուն մեր ու Ձեր բոլորի զավակների, թոռների, հետագա ժառանգների»։

Որպես ելույթի ավարտ՝ Գեղամ Մանուկյանը, հիշատակելով 1918-ի Սարդարապատի հերոսամարտը, ասել է, որ դրանից առաջ գրեթե ամեն ինչ անհույս է եղել, բայց գտնվել է մեկ մարդ՝ ով ասել է, որ չի լինի այնպես, ինչպես թշնամին է ցանկանում։

«Ամեն մեկն իր հերթին արեց անհնարը, ու եղավ Սարդարապատի հաղթանակը։ Այդ մեկ մարդը՝ անունը՝ Արամ Մանուկյան։ Դառնանք Արամ, ու գտնենք ելք ու ճար»,-ասել է պատգամավորը, որի առաջարկով երթի մեկնարկին ներկաները երգել են «Սարդարապատ» երգը՝ «Երբ չի մնում ելք ու ճար,

Խենթերն են գտնում հնար։

Այսպէս ծագեց,արեգակեց

Սարտարապատի մարտը մեր․․․»։

Հիշեցնենք՝ ինչպես ավելի վաղ հայտարարել էր խորհրդարանի փոխնախագահ, դաշնակցական Իշխան Սաղաթելյանը, իրենց զինակիցները Արցախի փրկության, Հայաստանի անվտանգության ու ներկա իշխանությունների հեռացման օրակարգով դեպի Երևան քայլարշավներ են սկսելու խորհրդանշական վայրերից և մայիսի 1-ին լինելու են մայրաքաղաքում՝ միանալու պլանավորված մեծ հանրահավաքին։

Ըստ այդմ՝ ապրիլի 25-ին քայլերթը մեկնարկել է Տավուշի մարզի Իջևան համայնքից, ապրիլի 26-ին՝ Արարատի մարզի Տիգրանաշեն (Քյարքի) բնակավայրից, երրորդ խումբն այսօր սկսել է քայլարշավը Ապարանից՝ Դրոյի շիրիմի մոտից։ այլ խումբ քայլերթով դեպի Երևան է գալու Սարդարապատից։

Զուգահեռ Երևանում անցկացվում են ամենօրյա ապակենտրոն իրազեկման ակցիաներ։

Ինչպես երեկվա երթի ավարտին հայտարարել է Իշխան Սաղաթելյանը՝ մայիսի 1-ին՝ ժամը 16:00-ից, սկսվում է իրենց նախաձեռնած պայքարի նոր և վերջնական փուլը։

Лента

Рекомендуем посмотреть