«Նպատակն այն էր, որ դիտողը չարտասվի, չտանջվի, պարզապես տեղեկանա»․կայացել է «Լուսաբացը Եռաբլուրում» ֆիլմի շնորհանդեսը՝ Դավիթ Ամալյանի և Միքայել Հակոբյանի դերակատարմամբ - RadioVan.fm

Онлайн

«Նպատակն այն էր, որ դիտողը չարտասվի, չտանջվի, պարզապես տեղեկանա»․կայացել է «Լուսաբացը Եռաբլուրում» ֆիլմի շնորհանդեսը՝ Դավիթ Ամալյանի և Միքայել Հակոբյանի դերակատարմամբ  

2023-04-07 22:04 , Общество, 1052

«Նպատակն այն էր, որ դիտողը չարտասվի, չտանջվի, պարզապես տեղեկանա»․կայացել է «Լուսաբացը Եռաբլուրում» ֆիլմի շնորհանդեսը՝ Դավիթ Ամալյանի և Միքայել Հակոբյանի դերակատարմամբ

Երևանի Հովհաննես Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնի դահլիճն այսօր՝ ապրիլի 7-ին, լեփ-լեցուն էր․ Քրիստինե Հակոբյանի անդրանիկ ֆիլմի ցուցադրությունն էր։

Մասնագիտությամբ իրավաբան Քրիստինեն, որը ժամանակին աշխատել է Արմավիրի մարզի առաջին ատյանի դատարանում, երբևէ չէր մտածի ֆիլմ նկարելու, ֆիլմի համար սցենար գրելու մասին։ Սակայն որդու՝ Միքայել Հակոբյանի դաստիարակությանը, կրթությանը իր օրերը նվիրած Քրիստինեն տարիների ընթացքում որոշում է կայացնում նկարել ֆիլմ, որը կպատմի «Եռաբլուր» զինվորական պանթեոնի մասին։ Գաղափարը ծնվում և հասունանում է պանթեոն այցելությունների ընթացքում, երբ փաստում է, որ այցելուներից շատերը, ովքեր նաև լուսանկարվում են տարածքում, տեղյակ չեն ո՛չ տարածքի հուշակոթողների նշանակության, ո՛չ այնտեղ ամփոփված հայորդիների մասին։

«Հատկապես տաղավար տոներին, երբ շատ են այցելուները, նկատում էինք՝ մարդիկ գալիս են զուտ այցելելու համար, չգիտեն կոթողների մասին։ Չէ՞ որ մենք բոլորս գիտենք ինչ է Ծիծեռնակաբերդը, ի՛նչ խորհուրդ ունի, ինչո՛ւ է 12 սյուն, 100 մետրանոց ի՛նչ պատ է այնտեղ տեղադրված, քանի սյուներ կան։ Նույնկերպ պետք է «Եռաբլուր»-ի մասին իմանանք»,-այս համոզմանն է Քրիստինեն, ով տարիների գաղափարն այսօր արդեն իրականություն է դարձրել։

«Լուսաբացը Եռաբլուրում» հեղինակային ֆիլմի նկարահանումները նախորդ տարվա օգոստոսին են արվել՝ 3 օրում, բայց, քանի որ շատ ծավալուն է եղել նյութը ու չեն ցանկացել տևողությունը ծանրացնել, այս ամիսներին աշխատել են ֆիլմի վերջնական տարբերակը ստանալու վրա։ Ֆիլմն էլ այդպես է անվանվել, որովհետև նկարահանումները վաղ առավոտյան՝ ժամը 6-ից են արվել։

37 րոպե տևողությամբ ֆիլմում, ահա, ներկայացվում են զինվորական պանթեոնում կառուցված հուշակոթողները, դրանց նշանակությունը, այնտեղ ամփոփված անվանի հայորդիների անունները, նրանց սխրանքներն է ներկայացվում ու այս ամենը՝ 9-ամյա հրաշամանուկ Միքայել Հակոբյանի և երգիչ-երգահան, Արցախյան պատերազմի մասնակից Դավիթ Ամալյանի երկխոսության միջոցով։

«Դավիթ Ամալյանին չենք ընտրել որպես 44-օրյա պատերազմում անմահացած Վարդանի հայր։ Նախ՝ ինքը Արցախյան շարժման մասնակից է, սիրված ու հարգված է հանրության կողմից, ու, երբ որ իրեն զանգեցի, ֆիլմի սցենարի շուրջ հանդիպելու առաջարկ արեցի, ասաց՝ վաղը նկարահանենք, չասաց՝ դու փորձ չունես․․․»,-«Ռադիո Վան»-ի հետ զրույցում ասում է սցենարի հեղինակ Քրիստինեն, ով նաև «Դյուցազնագրքի» բազմակի ռեկորդակիր Միքայել Հակոբյանի մայրն է։

Քրիստինեն և Միքայելը

Իր որդուն՝ որպես գլխավոր հերոս ընտրելու հանգամանքն էլ Քրիստինեն բացատրում է նրանով, որ նա 4 տարեկանում արդեն իսկ ամբողջությամբ տիրապետել է բանակին առնչվող գիտելիքներին, գիտի այդ ոլորտին վերաբերվող ամեն ինչ՝ հիմնադրման պատմություն, կոչումներ, շքանշաններ, նախարարներ, Արցախյան շարժման պատմությունը, ովքեր են հանգչում «Եռաբլուր»-ում։

«Միքայելի պապիկը՝ Արցախյան շարժման ակտիվ մասնակիցներից Հակոբ Ղազարի Հակոբյանը՝ Հակոբ Շահենց գրական ծածկանվամբ, նույնպես, հանգչում է «Եռաբլուր»-ում։ Միքայելը 1,5 տարեկանից այցելել է պանթեոն և անգիր գիտի ամեն ինչ։ Նույնիսկ նկարահանումների ընթացքում շիրիմից-շիրիմ վազելով, որ հասցնի պատմել բոլորի մասին, ոտքը սայթաքելու պատճառով վնասել էր, կաղում էր ու դա երևում է ֆիլմում, չենք հանել այդ կադրը, թողել ենք ամեն ինչ բնական»,-պատմում է Քրիստինեն՝ ընդգծելով, որ իր ֆիմը ուսուցողական է, ծանրացնել չեն ցանկացել։

«Մեր նպատակն այն էր, որ դիտողը չարտասվի, չտանջվի, պարզապես տեղեկանա պանթեոնի մասին, ուղղորդվի»,-նշում է հեղինակը։

Ֆիմում հնչում են Սոնա Վանյանի, Հակոբ Հակոբյանի, Դավիթ Վանյանի, գուսան Հայկազունու, Դավիթ և Արմինե Ամալյանների ստեղծագործությունները, իսկ ավարտին Պարույր Սևակի «Քիչ ենք, բայց հայ ենք» բանաստեղծության ներքո վառ գույներով վերնաշապիկներ հագած երեխաները տարբեր անկյուններից գալիս ու համախմբվում են «Եռաբլուր»-ի Սրբոց Վարդանանց Նահատակաց եկեղեցու առջև։

Ֆիլմի հեղինակի խոսքով՝ խորհուրդն այն է, որ հայ ժողովուրդը չի կոտրվում, չի հանձնվում, կա, ապրում է, ու երեխաների շնորհիվ հայ ազգը ծաղկելու է, շատանալու է՝ ինչքան էլ մեզ փորձում են կոտրել։

Ի դեպ, այսօր շնորհալի Միքայելի ծննդյան օրն է․ 9 տարեկան դարձած փոքրիկը այս տարի ևս, ինչպես նախորդը, իր կյանքի կարևոր օրը նվիրեց զոհված հայորդիների մայրերին, կանանց ու քույրերին՝ նրանց մասնակիցը դարձնելով իր դերակատարմամբ ցուցադրված ֆիլմի շնորհանդեսին, որի ավարտին ներկաները հեռացան դահլիճից ոչ միայն ֆիլմից ստացած վառ տպավորություններով, այլև՝ Մայրության և գեղեցկության տոնի առթիվ Միքայելի ձեռքով պատրաստված ծաղիկներով։

Միքայելի պատրաստած ծաղիկները

Նրանք նաև այդ պահի իրենց մտքերը հանձնեցին կտավին։

Ֆիլմի ցուցադրությունից հետո, հյուրասիրությունից զատ, ներկաներից շատերին շնորհակալագրեր հանձնվեցին, որի հասցեատերը դարձավ նաև Միքայելի հայրը՝ Խորեն Տիրացույանը, որի հովանավորությամբ էլ հաջողվել է ֆիլմի ստեղծման նվիրական գործը։

Միքայելի հայրը՝ Խորենը

Հավելենք՝ ֆիլմի սցենարի հեղինակ և ռեժեսոր Քրիստինե Հակոբյանը ցանկանում է համագործակցել դպրոցների հետ՝ «Լուսաբացը Եռաբլուրում» ֆիլմը աշակերտներին հասանելի դարձնելու համար։

44-օրյա պատրեազմում անմահացած հերոսների մայրերը

Միքայելի ծննդյան նվերները

Հեղինակ՝ Լիանա Մարգարյան

Лента

Рекомендуем посмотреть