Ներքին զորքերի զինծառայողը սպանվել է հատուկ ջոկատայինների կողմից․ ՀՔԾ պետը՝ «Մարտի 1»-ի գործով «0038» հույժ գաղտնի հրամանի մանրամասներով - RadioVan.fm

Онлайн

Ներքին զորքերի զինծառայողը սպանվել է հատուկ ջոկատայինների կողմից․ ՀՔԾ պետը՝ «Մարտի 1»-ի գործով «0038» հույժ գաղտնի հրամանի մանրամասներով

2018-09-11 17:50 , Право, 1917

Ներքին զորքերի զինծառայողը սպանվել է հատուկ ջոկատայինների կողմից․ ՀՔԾ պետը՝ «Մարտի 1»-ի գործով «0038» հույժ գաղտնի հրամանի մանրամասներով

«Վերջին ամիսներին հայտնաբերվեց «0038» հույժ գաղտնի հրամանը, որը շուրջ 10 տարի, չգիտես ինչու, քրեական գործում չկար։ Երբ որ հայտնաբերվեց, պարզվեց, որ բանակը մասնակցել է այդ իրադարձություններին (2008 թ․ մարտի 1, 2-ի-խմբ․), ընդ որում՝ մասնակցել է սկսած փետրվարի 23-ից, և գաղտի հրամանում կատարվել է ձևակերպում, որ «ընտրության արդյունքները (2008-ի նախագահական ընտրության արդյունքները, որոնց համաձայն՝ ՀՀ նախագահի պաշտոնը հանձնվեց Սերժ Սարգսյանին-խմբ․) ազատ և արդար գնահատելուց հետո որոշ կազմակերպություններ և անհատներ չեն ընդունում դրանք․․և սա, այս հրամանը, խնդրում եմ հաշվի առնել, արձակվել է փետրվարի 23-ին, այսինքն՝ ընտրության արդյունքները Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից հրապարակելուց մեկ օր առաջ։ Այսինքն՝ մեկ օր առաջ արդեն Ռոբերտ Քոչարյանը և Միքայել Հարությունյանը տեղյակ էին, որ Կենտրոնական ընտրական հանձաժողովը պետք է Սերժ Սարգսյանին ճանաչի հաղթող թեկնածու և պետք է միջազգային կառույցները այս ընտրությունները ճանաչեն ազատ և արդար և այս առումով ստորագրվում է հրաման՝ բանակը զորանոցային վիճակի բերելու՝ խաղաղ ցույցերը կանխելու նպատակով»,-այդ մասին այսօր գաղտնալսված ձայնագրության առիթով հրատապ հրավիրված մամլո ասուլիսում հայտարարեց Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը՝ ընդգծելով, որ բանակը ոչ միայն մասնակցել է «Մարտի 1»-ի իրադարձություններին, այլ նաև՝ կրակել է, մասնակցել է ամբողջ ծավալով։

«Կոնկրետ ապացույցներ ունենք, որ բանակը կրակել է... բանակը կրակել է մարդկանց, բնակարանների ուղղությամբ»,-ասաց ՀՔԾ պետը՝ շեշտելով, որ այդ գաղտնի հրամանից հետո, երբ որոշվել է Երևանում հավաքել զինծառայողների տարբեր զորամիավորումներից՝ սահմանին կանգնած զինվորը շաբաթներով հերթապահել է առանց հերթափոխի և ստեղծվել են շատ վտանգավոր իրավիճակներ, ինչի հետևանքով նաև այդ օրերին դիվերսիա է եղել։

Սակայն ամենախայտառակ բանը, որը նախկին պաշտոնյաները, օլիգարխները արել են բանակի հանդեպ, ՀՔԾ պետի խոսքով, այն է, որ 2008-ի մարտի 1, 2-ին բանակի զինվորներին դարձրել են վարձկաններ ու հանել ժողովրդի դեմ։

«Օլիգարխների կողմից այդ ընթացքում՝ փետրվարի 23-ից մարտի 7-8-ը ընկած ժամանակահատվածը, բանակի զինվորներին բաժանվել են գումարներ, որպեսզի նրանք պաշտպանեն իրենց, իրենց ունեցվածքը, իրենց քաղաքական նկրտումները»,-ասաց Սասուն Խաչատրյանը՝ ի ցույց դնելով ՀՔԾ քննիչի կողմից առգրավված այն մատյանը, որտեղ, ըստ Սասուն Խաչատրյանի, նշված են զինծառայողների անունները, նրանց տրված գումարի չափը, նրանց հրամանատարների ստորագրությունը։

«Այստեղ հատ-հատ նշված են այն զինծառայողները և գումարների չափերը։ Այդ գումարները հանվել են օլիգարխների, պետական բարձր պաշտոն զբաղեցնող անձանց հաշիվներից։ Կոնկրետ անձանց հաշիվները կհրապարակենք հետագայում, այս պահին ես չգիտեմ՝ ոնց են սրա բացատրությունը տալու մեր երկրի նախկին ղեկավարները, ինչպե՞ս են նրանք այս բանակի զինվորներին դարձրել վարձկաններ»,-ասաց Խաչատրյանը՝ նպատակահարմար չհամարելով այսօր անուններ հրապարակել։ «Նշենք, որ փախնե՞ն»,-ասաց նա։

«Բոլորդ տեղյակ եք, որ ներքին զորքերի զինծառայող Տիգրան Աբգարյանի մահվան հանգամանքները մշուշոտ են: Այսօր վստահությամբ կարող ենք ասել՝ Տիգրան Աբգարյանը սպանվել է հատուկ ջոկատայինների կողմից: Ունենք հստակ ապացույցներ. Տիգրան Աբգարյանը սպանվել է այն ժամանակ, երբ արդեն իսկ Քոչարյանը արտակարգ դրություն էր մտցրել, սակայն որևէ հրազենային վիրավորում ստացած զինծառայող չկար»,-հայտարարեց Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը՝ ընդգծելով, որ իրենց համոզմամբ՝ Տիգրան Աբգարյանին հրազենային վիրավորում է հասցվել նրա համար, որպեսզի Ռոբերտ Քոչարյանի՝ «մենք արդեն ունենք զոհեր» խոսքերը հիմնավորվեն։ Պաշտոնյայի վստահեցմամբ՝ դա նախաքննությամբ հիմնավորվել է:

ՀՔԾ պետի կարծիքով՝ այս նորությունն արդեն իսկ բավարար էր, որպեսզի իր և ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի դեմ «որս սկսվի»։

Ինչ վերաբերում է Մարտի 1–ի գործողություններին օլիգարխների թիկնազորների մասնակցության մասին լուրերին՝ Սասուն Խաչատրյանը հայտնեց, որ քրեական գործով արդեն իսկ ձեռք են բերվել ապացույցներ, որ պաշտպանության նախարարության պահեստից ստացվել են մեծ քանակությամբ զինվորական հագուստներ, որոնք բաժանվել են օլիգարխների թիկնազորներին՝ զինծառայողներից չտարբերվելու և պրովոկացիաներ անելու նպատակով։

Հիշեցնենք՝ 2008 թվականի մարտի 1, 2-ին Երևանում տեղի ունեցած իրադարձությունների՝ «Մարտի 1»-ի քրեական գործով որպես մեղադրյալ անցնում են ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ՀԱՊԿ գլխավոր քարտուղար, 2008-ի մարտին Երևանի կայազորի պետի պաշտոնը զբաղեցնող Յուրի Խաչատուրովը։ Նույն գործով բանակը քաղաքական գործընթացների մեջ ներգրավելու մեջ մեղադրվող պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանը հետախուզման մեջ է։ Օրերս էլ հայտնի դարձավ, որ ՌԴ-ում որոշում է կայացվել այդ երկրի տարածքում Հարությունյանի նկատմամբ հետախուզումը չեղարկել։

Հիշեցնենք՝ 2008-ի փետրվարի 19-ի նախագահական ընտրությունների պաշտոնական արդյունքները, ըստ որոնց 52,83 տոկոս ձայնով իշխանության ղեկը հանձնվեց Սերժ Սարգսյանին, արժանահավատ չհամարելով՝ բնակչության մի ստվար հատված, Հայ Ազգային Կոնգրեսի գլխավորությամբ, դուրս եկավ փողոց: Մարտի 1-ին վաղ առավոտյան ոստիկանները հարձակվեցին Երևանի Ազատության հրապարակում գիշերած ընդդիմադիր ցուցարարների վրա: Հավաքը մեծ թափ ստանալով՝ նույն օրն ավելի ուշ կենտրոնացավ Ալեքսանդր Մյասնիկյանի արձանին հարող հրապարակում: Մարտի 1-ի լույս 2-ի գիշերը հրապարակի մերձակայքում ցուցարարների և ուժայինների միջև սկիզբ առած բախումների հետևանքով զոհվեցին Հայաստանի 10 քաղաքացիներ, 100-ավոր մարդիկ հրազենային և այլ բնույթի վիրավորում ստացան:

2008-ի հետընտրական արյունալի իրադարձություններից 10 տարի է անցել, բայց 10 զոհերի մահվան հանգամանքները մինչ օրս պարզված չեն:

2018-ի ապրիլ-մայիսին հայաստանյան «թավշյա հեղափոխություն»-ից հետո Հատուկ քննչական ծառայության ղեկավարի պաշտոնում նշանակված Սասուն Խաչատրյանը հայտարարեց «Մարտի 1»-ի գործը բացահայտելու քաղաքական կամքի մասին։

Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը

Лента

Рекомендуем посмотреть