Մոտ 800-ամյա հայկական Շուշիի մասին պատմական փաստեր՝ «անտեղյակների» համար․ արձագանքներ՝ Փաշինյանի հայտարարությանը - RadioVan.fm

Онлайн

Մոտ 800-ամյա հայկական Շուշիի մասին պատմական փաստեր՝ «անտեղյակների» համար․ արձագանքներ՝ Փաշինյանի հայտարարությանը

2021-01-22 15:17 , Политика, 1914

Մոտ 800-ամյա հայկական Շուշիի մասին պատմական փաստեր՝ «անտեղյակների» համար․ արձագանքներ՝ Փաշինյանի հայտարարությանը

Արցախի պաշտպանության նախարարության մամուլի նախկին խոսնակ, գնդապետ Սենոր Հասրաթյանը ֆեյսբուքյան իր էջում բոլոր անտեղյակների համար Շուշիի պատմության մասին համառոտ պատմական ակնարկ է հրապարակել, ըստ էության արձագանքելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Ազգային ժողովում արված հայտարարությանը։

Նշենք՝ hունվարի 20-ին խորհրդարանում կառավարության անդամների հետ հարցուպատասխանի ժամին վարչապետը, արձագանքելով պատասխանելով «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի հարցին, թե կարո՞ղ ենք եզրակացնել, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ստել է, երբ ասել է, որ առաջարկել է հոկտեմբերի 18-ին շատ ավելի շահեկան պայմաններով կանգնեցնել պատերազմը` Շուշին թողնելով մեր վերահսկողության տակ, ասել է․

«Ես ուզում եմ ասել հետևյալը, որ, ընդհանրապես բանակցային գործընթացի ողջ ընթացքում, չի եղել քննարկման այնպիսի մի տարբերակ, որ ադրբեջանցի փախստականները Շուշի չվերադառնան։ Իսկ Շուշին հակամարտությունից և ազատագրումից առաջ ունեցել է 90 և ավելի տոկոս ադրբեջանական բնակչություն։ Այսինքն, դուք ուզում եք ասել, որ 90 և ավելի տոկոս ադրբեջանցի բնակիչներով բնակեցված Շուշի քաղաքը հայկական է իր այդ կարգավիճակո՞վ։ Նաև ասում եք, թե հայտարարել եմ, որ Արցախը Հայաստան է և վերջ։ Եթե դուք համարում եք, որ Արցախը Հայաստան չէ և դա ձեր դիրքորոշումն է, ապա ձևակերպեք և պաշտոնապես արձանագրեք»։

Պաշտպանության բանակի գնդապետ Սենոր Հասրաթյանն, ահա, գրել է․

«Համառոտ պատմական ակնարկ բոլոր նրանց համար, ովքեր անտեղյակ են Շուշիի պատմությանը:

Շուշին ստեղծվել է Մեծ Հայքի 10-րդ՝ Արցախի նահանգի Վարանդա գավառում և որպես պաշտպանական ամրություն ծառայել տեղի հայ բնակչությանը: Այն հետագայում պարսպապատվելով՝ դարձել է Վարանդայի մելիքության նշանավոր բերդերից մեկը:Ուշ միջնադարում Շուշին հիշատակվում է տարբեր անուններով, այդ թվում՝ Քար, Քարագլխի սխնախ, Շոշ բերդ, Շոշի սխնախ: 1720-ական թվականներին հայկական զորախմբի գլխավոր հրամանատար Ավան հարյուրապետի ջանքերով Շուշիի բերդը վերակառուցվել ու ամրացվել է: 1725թ. ութ օր տևած մարտերից հետո հայերը փախուստի են մատնել թուրքական 40 հազարանոց զորքին: 18-րդ դ. 2-րդ կեսին թուրքական սարըջալու քոչվորական ցեղի առաջնորդ Փանահ Ալին, օգտվելով Արցախի մելիքությունների ներքին անհամաձայնություններից, տիրացել է Շուշի ամրոցին: 1752թ. հիմնվել է Շուշիի կամ Ղարաբաղի խանությունը, իսկ Փանահ Ալին իրեն հռչակել է Ղարաբաղի խան: 1790-ականներին Շուշին դարձել է ռազմական կարևոր գործողությունների թատերաբեմ: 1795թ. օգոստոսին պարսկական զորաբանակը 33 օր պաշարել է Շուշին, սակայն չի կարողացել գրավել: 1797-ի գարնանը ձեռնարկելով երկրորդ արշավանքը, Աղա Մահմեդը գրավել է բերդը: 19-րդ դարի սկզբին տեղի ունեցած ռուս-պարսկական պատերազմի արդյունքում, 1805թ. մայիսին Կյուրակչայի պայմանագրով, Ղարաբաղն անցել է Ռուսաստանին: Շուշիում պարսկական կայազորին փոխարինել է ռուսականը: 1826թ. հուլիսին նորից է սկսվել պատերազմ Պարսկաստանի և Ռուսաստանի միջև: Պարսկական 60 հազարանոց բանակը պաշարել է Շուշին, սակայն բերդի պաշտպանությունը ստանձնած ռուսական կայազորի 1700 զինվորները և 1500 հայ աշխարհազորայինները կարողացել են ձախողել պարսիկների նվաճողական ծրագրերը: 19-րդ դարի կեսին Շուշին ուներ 27783 բնակիչ, որից 15188-ը՝ հայ, 1895-ին՝ 33252 բնակիչ, որից20584-ը՝հայ: 1905թ. Շուշիում տեղի ունեցած թաթարա-հայկական ընդհարումների ժամանակ ավերվել է հայկական առևտրական թաղամասը, ինչի արդյունքում արձանագրվել է քաղաքի բնակչության զգալի նվազում՝ հասնելով 16500-ի: Հետագա տարիներին բնակչության թիվը նորից աճել է: 1916թվականի տվյալներով Շուշին ուներ 43863 բնակիչ, որից 21926-ը՝ հայեր, 18641-ը՝ թաթարներ, 1249-ը՝ ռուսներ, մնացածը՝ այլ ազգեր: 1918-1920 թվականներին Շուշին և շրջակա հայկական բնակավայրերը թուրք-թաթարական խաշնարածների կողմից ենթարկվել են նոր ջարդերի և կոտորածների: Միայն 1920թ. մարտի 22-23-ի գիշերը թուրք-մուսավաթական հրոսակախմբերը բարբարոսաբար սպանել են տասնյակ հազարավոր հայ բնակիչների, կողոպտել և հրի մատնել ողջ հայկական թաղամասը: 1921թ. Շուշին, Լեռնային Ղարաբաղի կազմում, ՌԿ(բ)Կ Կովկասյան բյուրոյի որոշմամբ հանձնվել է Ադրբեջանին: Խորհրդային տարիներին Շուշին զգալի անկում է ապրել: Տեղի իշխանությունները՝ Բաքվի անմիջական հովանավորությամբ ավերեցին և ոչնչացրին քաղաքում եղած գրեթե այն ամենը, ինչ հայկական էր, այդ թվում՝ դեռևս կանգուն մնացած եկեղեցիները: 1988թ. Շուշիից բռնատեղահանվեց քաղաքում դեռևս մնացած 2000 հայ:Դրանից հետո երբեմնի հայոց բերդաքաղաքը Ադրբեջանը վերածեց ռազմակայանի»:

Շուշիի՝ մոտավորապես 800 տարեկան հայկական քաղաք լինելու մասին պատմական անհերքելի փաստեր է ներկայացրել նաև քաղաքագետ Ստեփան Հասան-Ջալալյանը։

«800 ՏԱՐԵԿԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՔԱՂԱՔ ՇՈՒՇԻՆ

ԿԱՄ

ՀԱՅՈՑ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ, ՄԱՍՆԱՎՈՐԱՊԵՍ՝ ԱՐՑԱԽԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՌԱՆՑՔԱՅԻՆ ՀԱՐՑԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՆՈՒՅՆԻՍԿ ՄԱԿԵՐԵՍԱՅԻՆ ԳԻՏԵԼԻՔՆԵՐ ՉՈՒՆԵՑՈՂՆԵՐԻՆ

13-րդ դարի Արցախի իշխանաց իշխան, թագավոր Հասան-Ջալալ-Դոլան, ցանկանալով կարգավորել թաթար-մոնղոլների հետ հարաբերություններում ծագած որոշակի խնդիրներ 1250-ական թվականների սկզբին իր գլխավորած Արցախի աշխարհիկ և հոգևոր այրերից կազմված պատվիրակությամբ մեկնում է թաթար-մոնղոլական զորքերի գլխավոր հրամանատար, մեծ խանի ժամանակավոր պաշտոնակատար Բաթու խանի հետ հանդիպման, որն այդ ժամանակ գտնվում էր Կասպից ծովի ափին՝ Աթլ կամ Վոլգա գետի ափին: Բաթու խանը մեծ պատվով ընդունում է Արցախի թագավորին և նրան հանձնում իր՝ Հասան-Ջալալ-Դոլայի հայրենիքներ Չարաբերդը, Ականան և Կարկառը, որ նրանից առաջ խլել էին թուրքերն ու վրացիները, հայտնում է 13-րդ դարի պատմիչ Կիրակոս Գանձակեցին (տե՛ս Կիրակոս Գանձակեցի, Հայոց պատմություն, Երևան, 1982թ., էջ 202):

Չարաբերդը հռչակավոր Ջրաբերդն է, որ գտնվում է Տրտու (Թարթառ) գետի և նրա վտակ Թրղիի միջև սեպաձև վեր խոյացող ժայռի վրա՝ Երից-Մանկանց վանքից մոտ 3կմ. հարավարևելք (տե՛ս Մակար եպիսկոպոս Բարխուտարեանց, Աղուանից երկիր եւ դրացիք: Արցախ, Երեւան, 1999թ., էջ 284; Բագրատ Ուլուբաբյան, Խաչենի իշխանությունը X-XVI դարերում, Երևան, 1975թ., էջ 120; Шаген Мкртчян, Историко-архитектурные памятники Нагорного Карабаха, Ереван, 1989г., с. 52),

Ականա բերդը գտնվում է այժմյան Արցախի Հանրապետության Մարտակերտի շրջանի Հաթերք գյուղի հարավարևելյան մասում՝ Բալի լեռան ստորոտում, Ականա գետակի ձախ ափին (տե՛ս Դիվան հայ վիմագրության, պրակ V, Արցախ, Երևան, 1982թ., էջ 130),

Կարկառը գտնվում է համանուն գետի վրա և XV դարի սկզբից սկսած հայտնի է դառնում Շուշի անունով (ԺԵ դարի հայերեն ձեռագրերի հիշատակարաններ, կազմեց Լևոն Խաչիկյան, մաս I (1401-1450թթ.), Երևան, 1955թ., էջ 384):

Այսպիսով՝ պատմական անհերքելի վկայությունները փաստում են, որ Շուշին մոտավորապես 800 տարեկան հայկական քաղաք է: Այս ամենից զատ բոլոր մնացյալը թշնամու շահերը սպասարկող գրչա և լեզվամարզանքներ են»,-գրել է քաղաքագետը:

Հիշեցնենք՝ 2020 թվականի նոյեմբերի 10-ից ուժի մեջ մտած Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահների՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ամբողջական հրադադարի և բոլոր ռազմական գործողությունների ավարտի մասին նոյեմբերի 9-ին ստորագրած հայտարարությամբ, որով 44 օր տևած թեժ մարտերից ու բազում կորուստներից հետո ավարտվեց Արցախի դեմ 2020 թվականի սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի սանձազերծած պատերազմը, Ադրբեջանի վերահսկողությանը հանձնվեցին Ղարաբաղին հարակից յոթ շրջանները, Շուշի քաղաքը, ԼՂԻՄ կազմում ընդգրկված մի շարք բնակավայրեր։

ՀՀ գլխավոր դատախազությունը 2020 թվականի դեկտեմբերի 21-ին հայտնեց, որ Շուշի քաղաք, քաղաքի մատույցներում և քաղաքի ներսում պաշտպանություն իրականացնող ստորաբաժանումներին անհիմն նահանջելու հրաման տալու միջոցով Շուշի քաղաքը դիտավորությամբ նպատակային և պլանավորված կերպով Ադրբեջանի զինված ուժերին հանձնելու, հրաման չկատարելու, դասալքության պաշտոնեական անգործության դեպքերի, և պատերազմի արդյունքներին հանգեցրած այլ առերևույթ հանցագործության հատկանիշներ պարունակող հանգամանքների փաստերով մի շարք քրեական գործեր են հարուցվել։

Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը

Лента

Рекомендуем посмотреть