Երասխի հատվածում մի քանի ժամ տևած ինտենսիվ փոխհրաձգության հետևանքով հրազենային վիրավորում է ստացել համայնքապետ Ռադիկ Օղիկյանը․ ՊՆ - RadioVan.fm

Онлайн

Երասխի հատվածում մի քանի ժամ տևած ինտենսիվ փոխհրաձգության հետևանքով հրազենային վիրավորում է ստացել համայնքապետ Ռադիկ Օղիկյանը․ ՊՆ

2021-07-20 10:29 , Общество, 1047

Երասխի հատվածում մի քանի ժամ տևած ինտենսիվ փոխհրաձգության հետևանքով հրազենային վիրավորում է ստացել համայնքապետ Ռադիկ Օղիկյանը․ ՊՆ

Հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում մի քանի ժամ տևած ինտենսիվ փոխհրաձգության հետևանքով հայկական կողմից հրազենային վիրավորում է ստացել Երասխ համայնքի ղեկավար Ռադիկ Օղիկյանը, ով այդ պահին կազմակերպել է ադրբեջանցիների գործողությունների արդյունքում տեղանքում բռնկված հրդեհը մարելու աշխատանքները։

Այդ մասին տարածած հաորդագրությամբ հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը (ՊՆ)՝ նշելով, որ հուլիսի 19-ի ուշ երեկոյան և 20-ի գիշերը, մինչև ժամը 02։00, ադրբեջանական զինված ուժերը շարունակել են հրաձգային զինատեսակներից, առանց ականանետերի կիրառման, գնդակոծել հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերը:

«ՀՀ զինված ուժերը հայտարարում է, որ շփման գծի որևէ փոփոխություն թույլ չի տալու»,-ընդգծում է ՀՀ պաշտպանական գերատեսչությունը։

Նշենք՝ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում լարված է անցած շաբաթվանից։ ՀՀ ՊՆ-ն վերջին օրերին հայտնում է այդ հատվածի՝ հակառակորդի նշանակետում հայտնվելու մասին։

Հուլիսի 14-ի փոխհրաձգության հետևանքով էլ հայկական կողմից զոհվել է 1983 թվականին ծնված, ՀՀ ԶՈւ N զորամասի պայմանագրային զինծառայող, շարքային Սամվել Գագիկի Ալավերդյանը։

Երեկվանից՝ հուլիսի 19-ից, 18:40-ից սկսած, ադրբեջանական ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի նշյալ հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, ինչի արդյունքում ծավալվել է ինտենսիվ փոխհրաձգություն:

00:23 տարածած հաղորդագրությամբ՝ ՊՆ-ն մանրամասնեց, որ ժամը 18:40-ից սկսած մի քանի ժամ շարունակ տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերի գնդակոծման ընթացքում պարբերաբար կիրառվել են նաև ականանետեր: Հաղորդվել էր, որ իրադրությունը, ժամը 23:00-ի դրությամբ, շարունակում է լարված մնալ:

Օրեր առաջ էլ ՀՀ արտաքին գործերի նախարարությունը դատապարտելով Երասխի դեպքերը՝ հայտարարեց, որ Բաքուն փորձում է լարվածության նոր օջախներ ստեղծել՝ խաթարելով տարածաշրջանային խաղաղությունը և անվտանգությունը:

Հավելենք՝ հուլիսի 17-ին վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ հանդիպումից հետո ԶԼՄ ներկայացուցիչների համար բանակցությունների արդյունքներն ամփոփող հայտարարությունում շեշտել էր. «Ադրբեջանը մտադիր է նոր ռազմական բախումներ հրահրել Արցախում և հայ-ադրբեջանական սահմանին»:

Лента

Рекомендуем посмотреть