«Հայկս երբ ծնվեց՝ ծանոթ, անծանոթի, որին տեսնում էի՝ գրկում էի»․ այսօր անհետ կորած զինծառայող Հայկ Ղազարյանի 20-ամյակն է - RadioVan.fm

Онлайн

«Հայկս երբ ծնվեց՝ ծանոթ, անծանոթի, որին տեսնում էի՝ գրկում էի»․ այսօր անհետ կորած զինծառայող Հայկ Ղազարյանի 20-ամյակն է

2021-03-11 20:00 , Общество, 1238

«Հայկս երբ ծնվեց՝ ծանոթ, անծանոթի, որին տեսնում էի՝ գրկում էի»․ այսօր անհետ կորած զինծառայող Հայկ Ղազարյանի 20-ամյակն է

Այսօր լրանում է անհետ կորած զինծառայող Հայկ Ղազարյանի ծննդյան 20-ամյակը։

«2001-ին Հայկս երբ ծնվեց՝ իմ ամենալավ օրն էր, ծանոթ, անծանոթի, որին տեսնում էի՝գրկում էի, ասում էի, ժողովու՜րդ, ինձ տղայա ծնվել»,-հիշում է զինծառայողի հայրը՝ Վարդենիսի բնակիչ Արարատ Ղազարյանը, որն իր «ձագի» ձայնը վերջին անգամ լսել է 2020 թվականի հոկտեմբերի 12-ին։

«Հայկ ջան, ցավդ տանեմ, հուսով եմ, հավատում եմ, որ պիտի գաս»,- ասաց հայրը՝իր համար անչափ կարևոր օրը ցանկանալով «Ռադիո Վան»-ի միջոցով շնորհավորել որդուն, ով, ծնողի համոզմամբ, գերության մեջ է։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նշենք՝ Հայկ Ղազարյանը Արցախի դեմ Ադրբեջանի կողմից 2020-ի սեպտեմբերի 27-ին սանձազերծված պատերազմի օրերին մարտեր է մղել Հադրութում, ծնողների հետ վերջին անգամ հեռախոսով խոսել է հոկտեմբերի 12-ին։

44 օր տևած թեժ մարտերից ու բազում կորուստներով 2020 թվականի նոյեմբերի 10-ին՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահների՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ամբողջական հրադադարի և բոլոր ռազմական գործողությունների ավարտի մասին նոյեմբերի 9-ին ստորագրած հայտարարությունից հետո՝ նոյեմբերի 13-ին, մեկնարկել է մարտական գործողությունների տարածքներում անհայտ կորածների որոնման և զոհվածների մարմինների դուրսբերման և փոխանակման գործընթացը, որն իրականացվում է հրադադարի ռեժիմի վերահսկման նպատակով Արցախում գտնվող Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ առաքելության համակարգմամբ, Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի և Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության մասնակցությամբ, որը բանակցող կողմ չի հանդիսանում։

Ընդհանուր առմամբ, 2020 թվականի նոյեմբերի 13-ից մինչև 2021 թվականի մարտի 10-ը ներառյալ, որոնողական աշխատանքների ընթացքում հայտնաբերվել կամ Ադրբեջանի կողմից փոխանցվել է զինծառայողների և քաղաքացիական անձանց 1496 աճյուն։

2020 թվականի դեկտեմբերի 14-ին մեկնարկած գերիների փոխանակման գործընթացի շրջանակում «բոլորը՝ բոլորի դիմաց» սկզբունքով վերջին տվյալներով Ադրբեջանից վերադարձվել է 70 գերի, այդ թվում 1-ը՝ կին։ Անցած ամիս Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, թե Բաքուն վերադարձրել է հայազգի քաղաքացիներին, ովքեր գերեվարվել էին պատերազմի ընթացքում, և, որ այս երկրում պահվում են միայն «ահաբեկիչներն ու դիվերսանտները»։ Ալիևի այս պնդումը Հայաստանում պաշտոնական արձագանք չի ստացել, միայն իշխանական պատգամավոր Նազելի Բաղդասարյանը ֆեյսբուքյան գրառմամբ այն «իրականությունից հեռու և հիմնազուրկ»է որակել։

Ընդգծենք՝ մինչ օրս հայկական կողմի անհետ կորածների և գերիների թիվը հրապարակված չէ․ ՀՀ պաշտպանության նախարարությունը «Փաստինֆո»-ի գրավոր հարցմանն ի պատասխան հայտարարել է, թե «պետական ու ծառայողական գաղտնիք է ռազմական գործողությունների ժամանակ զոհված և անհետ կորած համարվող զինծառայողների իրական թիվը»։ Միայն Սփյուռքի գործերով հանձնակատար Զարեհ Սինանյանն օրեր առաջ «Ռիա Նովոստիին» տված հարցազրույցում ասել է, որ Ադրբեջանը պահում է Հայաստանի 100-ից ավելի քաղաքացիների։

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի համոզմամբ՝ ՀՀ պետական իրավասու մարմինը պետք է հրապարակի հայկական կողմի գերիների այն թիվը, որոնք իր տրամադրության ներքո առկա տվյալների համաձայն կամ իր համոզմամբ՝ ներկայում պահվում են Ադրբեջանում գերության մեջ: Դա, ըստ Թաթոյանի, հնարավորություն կտա գերիների ազատ արձակման ու վերադարձի հարցով զգալիորեն մեծացնել միջազգային ճնշումն Ադրբեջանի նկատմամբ, ինչպես նաև այդ երկրի նկատմամբ առաջ կգան լրացուցիչ պարտավորություններ դնելու հիմքեր։

Հեղինակ՝ Լիաննա Մարգարյան

Лента

Рекомендуем посмотреть